Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էր:
Նախարարն այցի շրջանակում ծանոթացել է հիմնարկի առանձնահատկություններին և բուժսպասարկման հնարավորություններին, ազատազրկված անձանց պահման պայմաններին։
Ռուստամ Բադասյանը բնակելի գոտում զրուցել է ազատազրկված անձանց հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքով: Վերջիններս ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են քրեական, ինչպես նաև դատական գործերի ընթացքին, իրենց մեղսագրված արարքների անհամաձայնությանը, իսկ, առանձին դեպքերում, ներկայացրել են պատժի հետագա կրումից ազատման հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են առողջական վիճակի՝ ազատազրկման հետ անհամատեղելիությամբ:
Առողջական վիճակին վերաբերող խնդիրների ուսումնասիրման և հրատապ լուծման համար նախարարը տեղում տվել է հասցեական հանձնարարականներ:
Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Ներսիսյանի հետ, լսել նրա բարձրացրած խնդիրը, որը կապված էր ուղղիչ հիմնարկի տեսակն ըստ մեկուսացվածության աստիճանի փոխելու հետ։ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ գործառույթը բացառապես տեղաբաշխման հանձնաժողովի տիրույթում է, և եթե դիմում է ներկայացվել, արդյունքների մասին դատապարտյալը կտեղեկացվի: