ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ:
Ողջունելով իր հայ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Սերբիայի խորհրդարանում՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Միջխորհրդարանական միության նիստի շրջանակում տեղի ունեցած հանդիպումից հետո: Սերբիայի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդները պատմական ջերմ կապեր ունեն:
Մայա Գոյկովիչը հիշատակել է 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո սերբ ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության մասին, որի փոխադրման ժամանակ ավիավթարի զոհ դարձան սերբ օդաչուները: Նա հավելել է, որ իր հերթին Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ցուցաբերեց տարիներ առաջ Սերբիայում տեղի ունեցած տարերային ջրհեղեղից տուժածներին:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և վերահաստատել երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերը, որտեղ իր դերն է խաղում նաև Սերբիայում հայկական համայնքը, որն իր սատարումն է ստանում պաշտոնական Բելգրադի կողմից: Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է հսկայական քաղաքական և տնտեսական համագործակցության ներուժ, որը վստահաբար համատեղ ուժերով պիտի կյանքի կոչվի: Հատկանշական է նաև երկու երկրների միջև վիզաների չեղարկման գործընթացը:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները, հնարավոր տնտեսական համագործակցությունը, երկու խորհրդարանների առավել ինտենսիվ փոխգործակցությունը թե՛ երկկողմ մակարդակում բարեկամական խմբերի և մշտական հանձնաժողովների միջև, թե՛ բազմակողմ հարթակներում:
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին անդրադարձ կատարելիս համաձայնել են, որ չնայած դրանց միջև առկա տարբերություններին՝ խաղաղ բանակցությունները չունեն որևէ այլընտրանք և պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առնվազն չվնասել միմյանց շահերին միջազգային հարթակներում:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը և Մայա Գոյկովիչը ստորագրել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հուշագիր և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:
Նշենք, որ մինչև պաշտոնական հանդիպման մեկնարկը երկու խորհրդարանների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ 1988 թվականի ավիավթարի ժամանակ զոհված օդաչուների: