«ՀՀ ԱԳՆ-ն իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է.
Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է՝ միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում:
Ադրբեջանի պարբերական փորձերը՝ սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները, վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ:
Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»: