Արդարադատության նախարարությունը քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոնների հաստիքները որակյալ կադրերով համալրելու նպատակով ձեռնամուխ է եղել ծառայության կադրային բանկի ստեղծման աշխատանքներին:
Տեղեկացնում ենք, որ 2020 թ. հունվարի 21-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-14-Ն օրենքը, որով սահմանվել են նոր պահանջներ քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոնների հաստիքների համար:
Այսպես.
-
Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.
-
Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի միջին խմբի պաշտոն, բացառությամբ բժշկական սպասարկման ոլորտի պաշտոնների կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ.
-
Քրեակատարողական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Հարկ է փաստել, որ վերոնշյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները սահմանելու, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
Աշխատանքով հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ներկայացնել [email protected] էլ.փոստին՝ նշելով կրթության, աշխատանքային գործունության (առկայության դեպքում) և ուշադրության արժանի այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ: