ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Սան Պաուլոյում հյուրընկալվել է հայազգի բարերար Հիլդա Տիրուհի Բուրմայանի տանը:
«Նրա և նրա երջանկահիշատակ ամուսնու՝ Վարուժան Բուրմայանի նվիրվածությունն ու աջակցությունը հայրենիքին սկսած 1988 թվականի ավերիչ երկրաշարժից մինչև այսօր անգնահատելի են»,- գրել է Աննա Հակոբյանը։
Ավելի վաղ, վարչապետի տիկինը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հյուրընկալվել էր երկրի նախագահական նստավայրում (Casa Rosada) և հանդիպել երկրի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզին։
Աննա Հակոբյանն ու Ֆաբիոլա Յանյեզը խոսել էին առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը, և պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։