Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այսօր առավոտյան այցելել է «Նորք-Մարաշ» ԲԿ՝ ծանոթանալու նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինայի առողջական վիճակին և կատարված միջամտության մանրամասներին։
«Վիրահատող բժիշկները ներկայացրեցին այս իրապես ունիկալ և բարդ վիրահատության ընթացքը և այլ մասնագիտական մանրամասներ։ Ուրախ եմ, որ մեր երկրում նման բարդ վիրահատություն է կատարվել։
Անգելինան այս պահին գտնվում է հետվիրահատական բարդ շրջանում, որը, հուսով եմ՝ կհաղթահարի։ Առողջություն եմ ցանկանում նրան և կրկին շնորհակալություն բոլորին՝ այս ամենը կյանքի կոչելու համար»,- գրել է նախարար Թորոսյանը։
Նախօրեին՝ Փոքրիկ Անգելինայի վիրահատությունից հետո, «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանն ասել էր, որ այսուհետ խիստ բարդ վիրահատությունները, որոնք չեն արվում մեր տարածաշրջանի այլ պետություններում, կարելի է իրականացնել Հայաստանում, որովհետև գործ ունենք հաջողված փորձի հետ:
Փոքրիկ Անգելինայի՝ ողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող էր ավարտվել սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի, Գագիկ Հեբոյանի և ողջ բժշկական անձնակազմի սխրանքի շնորհիվ։