ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղակայված ոչ կառավարական Multicultural Mosaic Foundation-ը (Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ) կազմակերպությունը, որ հիմնվել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից, ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի Ֆեյսբուքյան էջից:
Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ MMF–ն երեք տարի առաջ հանձնաժողով է ստեղծել՝ 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով, հանձնաժողովի անդամները դասախոսություններ և քննարկումներ են անցկացրել Օսմանյան և Հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, հանդիպել են Ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ, վավերագրական ֆիլմեր են նայել և այլն:
Արդյունքում՝ հանձնաժողովը քվեարկության է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, և 2020 թվականի մարտի 7-ին դրա անդամները ձայների մեծամասնությամբ կողմ են քվեարկել որոշմանը:
Հիշեցնենք, որ MMF-ն ստեղծվել է 2003 թվականին և ուղղակիորեն կապվում է թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ: