Մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հետ։
Ողջունելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը` Սերբիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերներին բարեկամության և Հայաստանի կողմից աջակցության համար։ Անա Բրնաբիչը մեծ հետաքրքրություն է հայտնել` զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կարևոր էին վիզաների ռեժիմի երկկողմ չեղարկումը և մոտ օրերս Հայաստանում Սերբիայի դեսպանության արդեն պաշտոնական բացումը։
Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն իրապես բարեկամական են, և կա դեռևս չիրացված մեծ ներուժ, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր է պետք գործադրել։ Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ի հավելումն վիզաների ռեժիմի չեղարկման` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև ուղիղ օդային կապ հաստատելու համար, ինչը թույլ կտա ակտիվացնել երկու ժողովուրդների միջև շփումը։
Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ այն առաջին հերթին այնտեղ բնակվող հայերի ֆիզիկական անվտանգության ապահովման մասին է։
Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև ռազմարդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը։
Ավելի ուշ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Իրինեյի հետ։