Մարտի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդունեց Հայաստանում աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի (NDRMP), տեխնիկական աջակցության առաքելություն իրականացնող թիմի ներկայացուցիչներին՝ Աղետների ռիսկերի կառավարման գլխավոր խորհրդական Ադամ Մկքալիստերին, Համաշխարհային Բանկի ներկայացուցիչ Նորա Միրզոյանին և թարգմանչուհի Ֆենյա Եփրեմյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Փրկարար ծառայության պաշտոնատար անձինք:
Ողջունելով հյուրերին՝ Վրեժ Գաբրիելյանը իր երախտագիտությունը հայտնեց տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում սերտ համագործակցության համար, ինչպես նաև ընդգծեց, որ համագործակցության արդյունքում ակնկալվում է նաև գործնական օժանդակություն:
Ներկայացվեց առաքելության հիմնական նպատակները.
իրականացնել արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային կարողությունների և օպերատիվ արձագանքման հնարավորությունների գնահատում,
ցուցաբերել տեխնիկական աջակցություն միջազգային խորհրդատվական ընկերությանը, որը կկատարի երկրի ողջ տարածքում հրշեջ և փրկարարական կայանների կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկանիշների վերաբերյալ նախնական տվյալների հավաքագրում,
իրականացնել տեղեկատվության պահանջների և ինստիտուցիոնալ զարգացման կարիքների բացահայտմանն ուղղված գյուղատնտեսական ռիսկերի կառավարման կարողությունների արագ գնահատում և ներկայացնել առաջարկություններ ռիսկերի կառավարման հավանական ռազմավարությունների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ քայլերի վերաբերյալ: