ՀՀ ԱՆ «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը» շարունակում է համալրվել գերժամանակակից բժշկական սարքերով։ Կենտրոնի նոր ձեռքբերումը Leica PROvido նեյրովիրաբուժական մանրադիտակն է, որն արդեն տեղադրվել է վիրահատարաններից մեկում։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
Մանրադիտակն ունի FusionOptics համակարգ, որը հնարավորություն է տալիս և՛ խորությունը լավ տեսնել, և՛ հստակությունը պահպանել։ Սարքը կիզակետը որոշում է լազերային փնջի օգնությամբ, ոտնակն էլեկտրամագնիսական է, ինչը թույլ է տալիս ցանկացած շարժման ժամանակ սարքը պահել հավասարակշիռ վիճակում։
Նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանի կարծիքով` նեյրովիրաբուժական մանրադիտակը հեշտացնում է վիրաբույժի գործը և բարձրացնում վիրահատության արդյունավետությունը։ «Ավելին, կան վիրահատություններ, որ հնարավոր է կատարել միայն մանրադիտակի միջոցով»,- նշել է նա՝ հավելելով, որ նոր սարքը կիրառվելու է ցողունի, խորանիստ ուռուցքների, անոթների վիրահատությունների ժամանակ և կապահովի գոյացությունների ավելի լիարժեք հեռացում։
Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Կոստանյանի կարծիքով՝ մանրադիտակը հնարավորություն կտա ավելի մեծացնել վիրահատության ծավալները և ավելի ճշգրիտ, պռեցիզիոն վիրահատություններ կատարել, աշխատել անոթների և նյարդերի վրա, խորը կենսական կարևոր օրգանների վրա։ «ԼՕՌ վիրահատություններ կարելի է անել խոշորացման տակ, բացի դրանից՝ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության մեջ ևս կարելի է կիրառել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այժմ բոլոր տիպի չարորակ նորագոյացությունների վիրահատությունները կատարվում են պետական պատվերի շրջանակներում։ Նոր սարքի կիրառմամբ այդ վիրահատությունները ևս կկատարվեն պետական պատվերով։