Բրյուսելում վարչապետ Փաշինյանի առաջին հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ էր: Քննարկումների առանցքում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներ էին:
Շառլ Միշելը ողջունել է վարչապետի այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է՝ քննարկելու համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ:
Հաջորդ հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում էր կազմակերպված, որտեղ Փաշինյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար` նշելով. «Բարձր ենք գնահատում Ձեր դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Վստահ ենք, որ ԵԺԿ նախագահի պաշտոնում ևս կնպաստեք համագործակցության հետագա զարգացմանն ու առաջընթացին»:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարևորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջև սերտ ու ակտիվ համագործակցությունը:
Վարչապետն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը և քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: