Մետաղական հանքերի գործունեությունը վերահսկելու ի՞նչ նոր մեխանիզմներ են Հայաստանում ներդրվելու՝ Ազգային Ժողովում հարցն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այսօր ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարը:
Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ պետությունը փոխում է ընդհանուր մոտեցումը խնդրին. նախկին սկզբունքը՝ «եթե տուգանքը վճարում ես, կարող ես և աղտոտել բնությունը», այլևս չի լինի: Փակվելուց հետո հանքերը պարտադիր կենթարկվեն ռեկուլտիվացիայի:
2021 թվականից էլ ընդերք շահագործող տնտեսվարողը ստիպված կլինի հարկ վճարել պոչամբարներում իր կուտակած թափոնների համար: Արտահանվող խտանյութերի համար, հավանաբար, Բագրատաշենի մաքսակետում լաբորատրիա կբացվի, որտեղ կուսումնասիրեն միջազգային շուկաներ վաճառքի ուղարկվող ապրանքում մետաղի պարունակությունը, քանի որ կախված դրանում, օրինակ, պղինձը կամ մոլիբդենը 26 թե՞ 28 տոկոս են, բիզնեսն այլ դրույքաչափով պետք է հարկվի:
Խոսվել է նաև չօգտագործվող, փակման ենթակա հանքերի մասին: