Հանրաքվեի մասին իրազեկվածության մակարդակը բարձր է՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեցին իմքայլական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սուրեն Գրիգորյանը: Երեկ են քարոզչություն արել և գոհ են արդյունքներից:
«Մարզերում դեռևս չեմ եղել, կարող եմ գործընկերներիցս ճշտել, բայց հանգստյան օրերին եղել եմ Չորրորդ գյուղում և Նոր Նորքում: Կարող եմ իսկապես տպավորությունս ասել, որ գրեթե բոլորը տեղյակ էին, որ տեղի է ունենալու հանրաքվե: Մեզ հանդիպած 100-ից 98-ը ԱՅՈ-ի կողմնակիցներ էին: Մեր ընդդիմադիր գործընկերներին էլ խորհուրդ կտամ դուրս գալ Ֆեյսբուքից և տեսնել, որ այս երկրում իրենց ոչ միայն ֆեյքերն են հայհոյում կամ չսիրում, այլև իրական քաղաքացիները»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:
«Փաշինյանը Լոռու մարզում որպես վարչապե՞տ է նարկայացել, թե՞ որպես ԱՅՈ-ի քարոզարշավ իրականացնող անձ» հարցին ի պատասխան էլ Սուրեն Գրիգորյանը նշեց. «Հստակ տարանջատված է, թե երբ է վարչապետը որպես պետական պաշտոնյա Լոռու մարզ կատարած այցի ընթացքում իրականացնում իր գործառույթները, և երբ է որպես մասնավոր անձ Նիկոլ Փաշինյան իրականացնում քարոզչություն: Այն, որ այդ մարդը վարչապետ է, չի նշանակում, որ բոլոր գործողությունները կատարելիս նա գործում է ի պաշտոնե»: