Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն վարակվել է կորոնավիրուսով և գտնվում է մեկուսացման մեջ: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
Վրացական ԶԼՄ-ները գրում են, որ, հավանաբար, դրանից հետո է վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ միջգերատեսչական համակարգող խորհուրդը նիստ անցկացրել՝ հանձնարարելով սահմանափակել իրենց ծառայողների արտասահմանյան գործուղումները, եթե չկա առանձնահատուկ կարիք:
1tv.ge-ն, սակայն, նշում է, որ նիստը պլանավորված հերթական է եղել, իսկ վերոնշյալ որոշումը վերաբերում է նաև ուսումնական այցերին ու շփումներին:
Նշվում է, որ նիստի ընթացքում երկրի ԱԳՆ-ից միջգերատեսչական խորհրդին տեղեկություններ են փոխանցել Իտալիայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու կապակցությամբ: Ընդգծվել է, որ Իտալիայում Վրաստանի դեսպանատունը գործում է ամբողջօրյա ռեժիմով:
Միջգերատեսչական խորհուրդը հատկապես մեկուսացման մեջ եղող քաղաքացիներին կոչ է արել ցուցաբերել բարձր քաղաքական պատասխանատվություն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները:
Վրաստանի կառավարության ղեկավարը նիստի ժամանակ տեղեկություններ է լսել Վրաստանում կորոնավիրուսով վարակված 15 հիվանդի առողջական վիճակի և աշխարհում համաճարակի հետ կապված ընդհանուր իրավիճակի մասին:
Համակարգող խորհրդին տեղեկացրել են, որ այս փուլում կարանտինում են141 հոգի, իսկ հիվանդանոցում՝ 51-ը: Շեշտվել է, որ իրավիճակը վերահսկվում է: