Կանանց միջազգային օրը աշխարհի շատ երկրներում նշվել է բողոքի ցույցերով: Մասնակիցները դեմ են արտահայտվել կանանց իրավունքների անհավասարությանն ու նրանց նկատմամբ բռնություններին: Կորոնավիրուսի համաճարակը չի խանգարել, որ ցույցերը մարդաշատ լինեն:
Եվրոպայում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ցույցերը կազմակերպել էին ֆեմինիստներն ու պահանջել հավասար իրավունքներ, կանանց նկատմամբ բռնությունների դադարեցում: Բրիտանիայում, կորոնավիրուսի պատճառով, բազմաթիվ բողոքի ակցիաներ անցկացվել են վիրտուալ ռեժիմով: Բեռլինում հարյուրավոր կանայք որպես բողոքի նշան հեծանիվներ են վարել մայրաքաղաքի կենտրոնում:
Փարիզում երթը տեղի է ունեցել՝ չնայած հորդառատ անձրևին: Ցուցարարները հանդես են եկել սեռական բռնության և ոտնձգությունների դեմ ուղղված կարգախոսներով, պահանջել տղամարդկանց և կանանց հավասար վարձատրություն: Նախորդ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում կանանց իրավունքների հարցով ցույցն ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով, ձերբակալվել էր 9 մասնակից: Փարիզի քաղաքապետը դատապարտել է իրավապահների գործողությունները: