Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա 13-ամյա դստեր դաժան ծեծի համար մեղադրվող տղամարդը, որ կասկածվում է, թե կնոջ զուգընկերն է եղել, նախկինում դատապարտված է եղել խուլիգանության և դանակահարության համար,- հայտնել է Անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:
Հաճախակի կիրառվող բռնության մասին հարևաններից կամ այլ տուժածներից հաղորդումներ ոստիկանությունում ևս չեն եղել: Համայնքային ոստիկանների աշխատանքը նման դեպքերում պետք է կարգավորվի ահազանգերով, այստեղ կանանց իրավագիտակցության խնդիր կա,- ասել է Նելլի Դուրյանը:
Եղել են դեպքեր, երբ նույնիսկ հարևանների ահազանգով ոստիկանները այցելել են ընտանիքներ, սակայն նրանք հերքել են, թե իրենց նկատմամբ ընտանեկան բռնություն է կիրառվել:
Դուրյանը տեղեկացրեց, որ 2018 թվականի հունիսից հաշվառման է վերցվել 1789 բռնարար: Նախազգուշացում է կիրառվել 1964 դեպքում, իսկ անհետաձգելի միջոց է կիրառվել 435 դեպքում: Ընտանիքում բռնության վերաբերյալ ամփոփոգիր են ունեցել 3196 դեպքում: «Ափոփագրերը նախնական են, որոնց յուրաքանչյուրի դեպքում ոստիկանության տարածքային բաժնից օպերատիվ խումբը մեկնել է տուն, այնտեղ համապատասխան միջոցներ է ձեռնարկել, եթե ընտանեկան բռնության դեպք է եղել, և կիրառել են օրենքով նախատեսված գործառույթները»,- ասել է Նելլի Դուրյանը: