Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ:
Փոխնախարարը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում և սերտ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության մի շարք հարցեր:
Պաոլո Սպանտիգատին նշել է, որ համագործակցության հարցում Ասիական զարգացման բանկը բավական ակտիվ է եղել մասնավոր հատվածի հետ և ընդգծել, որ ի դեմ Հայաստանի՝ ունեն տարածաշրջանում համագործակցության լավագույն օրինակներից մեկը: Սպանտիգատին նշել է նաև, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների գործընթացը ևս դիտարկում են մասնավոր հատվածի գործունեության համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորման լույսի ներքո, և այդ նպատակի համար պատրաստ են համագործակցել և´ Արդարադատության նախարարության, և´ Բարձրագույն դատական խորհրդի հետ:
Փոխնախարար Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած դատաիրավական ոլորտի բարեփոխումների այն շրջանակը, որը սերտ առնչություն ունի մասնավոր հատվածի գործունեությանը և գործարար միջավայրի խթանմանը: Մասնավորապես՝ անդրադարձել է էլեկտրոնային գործիքակազմի ներդրմամբ դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի ինստիտուտի կայացմանը, ինչպես նաև սնանկության գործերի քննման ժամանակահատվածի կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա համագործակցության հարցերի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: