ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում հյուրընկալվել էր երկրի նախագահական նստավայրում (Casa Rosada) և հանդիպել երկրի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզին։
Աննա Հակոբյանն ու Ֆաբիոլա Յանյեզը խոսել են առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը, և պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։
Աննա Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակը։ Տիկին Յանյեզն էլ ներկայացրել է Արգենտինայում իր ծավալած գործունեության մանրամասները։
Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Ֆաբիոլա Յանյեզին հրավիրել է Հայաստան։ Վերջինս սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ՝ այցը կկայանա աշնանը։
Արգենտինայի առաջին տիկինն էլ Աննա Հակոբյանին հրավիրել է մասնակցելու Լատինական Ամերիկայի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը։ Աննա Հակոբյանը սիրով ընդունել է հրավերը։