ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին` ապահովել սանիտարական նորմերի և կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Մասնավորապես.
• Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում:
• Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն:
• Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմն անմիջապես տեղափոխվում են բուժկետ, ինչի մասին տեղեկացվում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին:
• Մանկապարտեզներում երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարի դաստիարակը, որը հետաքրքրվում է երեխայի առողջական վիճակով, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում՝ ելնելով բժշկական ցուցումից (ՀՀ ԱՆ նախարարի 2002 թ․ դեկտեմբերի 20-ի 857 N հրամանի 11.3 կետ):
• Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում։ Օրվա ընթացքում վատառողջ երեխաներն առանձնացվում են հատուկ այդ նպատակով նախատեսված սենյակներում։ Ելնելով առողջական վիճակից՝ երեխան մնում է առանձնացված սենյակում՝ մեկուսարանում, մինչև ծնողի գալը, կամ հոսպիտալացվում է։
Միաժամանակ, պետք է նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ.
• Երեխաների բացակայության ժամանակ սենյակի օդափոխում օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:
• Սենյակների խոնավ մաքրում օրը 2 անգամ:
• Երեխաների զբոսանք մաքուր օդում սովորականից 4 ժամ ավելի` պահպանելով խմբային մեկուսացման սկզբունքը։
• Առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: