Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի էջում շնորհավորել է կանանց՝ Մարտի 8-ի առթիվ։
«Սիրելի՛ երևանցիներ,
Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը: Հասարակության բոլոր անդամների համաչափ ներգրավվածությունը հանրային կյանքում ոչ միայն մարդու իրավունքներից բխող բնական անհրաժեշտություն է, այլև համայնքն ու պետությունը զորացնելու կարևոր միջոց:
Ուրախ եմ արձանագրել, որ Երևանի քաղաքային իշխանության, հատկապես՝ ավագանու կազմում մեծ է կանանց ակտիվությունը: Քաղաքային խնդիրներին վերաբերող ամենատարբեր նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց մեր կանայք են: Հաճույքով պետք է նշել, որ մեր գործունեության այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել արժանավորելու կանանց գործունեությունը՝ մասնավորապես, փողոցներ ու պուրակներ անվանակոչելով նշանավոր հայ կանանց անուններով:
Գոհունակությամբ փաստեմ նաև, որ սկսել ենք բարելավել համայնքային կազմակերպություններում՝ հանրակրթութան, առողջապահության, մշակույթի, կոմունալ տնտեսության և այլ բնագավառներում ընգրկված կանանց աշխատանքային պայմանները:
Թույլ տվեք հատո՛ւկ շնորհավորել այն կանանց, որոնք իրենց եռանդն ու տաղանդը ծառայեցնում են մեր քաղաքի զարգացմանը: Շնորհակա՜լ եմ Ձեր նվիրված և արհեստավարժ աշխատանքի համար:
Շնորհավորում եմ բոլորին և մաղթում նպատակասլացություն և լավատեսություն»,- գրել է Հ․Մարությանը: