Հայտնի է դարձել, որ «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության շուրջ ձևավորված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» դաշինքի շտաբը հանդես է եկել «Մոսկվայի համաձայնագիր` նոր միրաժ» գլխագրով պաշտոնական հայտարարությամբ:
Հրապարակված փաստաթղթի համաձայն, խումբը հրաժարվում է ճանաչել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մարտի 5-ին կայացած հանդիպումից հետո ընդունած համաձայնագրի արդյունքները:
Համապատասխանաբար, իսլամիստները մերժել են նաև Իդլիբի ապառազմական գոտում հրադադարի հաստատումը: Հրապարակված հայտարարության մեջ ահաբեկիչները երախտագիտություն են հայտնել Թուրքիայի կառավարությանը օժանդակության համար, ինչպես նաև կոչ արել բնակիչներին՝ զինված դիմադրություն ցուցաբերել Սիրիայի կառավարական ուժերին:
Հիշեցնենք, որ թե՛ թուրքական ռեժիմը, թե՛ ահաբեկիչները ուժի սպառնալիքի ներքո շանտաժի են ենթարկում տեղի բնակիչներին, ժամանակ առ ժամանակ նրանց ստիպելով հանդես գալ հակաասադական հայտարարություններով: