ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի նախարարները փետրվարի 6-ին Վիեննայում կայացած հանդիպմանը մտադիր են եղել 1,5 մլն. բարելով կրճատել խմբի անդամ երկրների նավթի արդյունահանումը, բայց անհրաժեշտ որոշումն այդպես էլ չի ընդունվել: Այս մասին Reuters-ին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«ՕՊԵԿ-ը կազմակերպությանը չանդամակցող երկրներին կոչ է արել նավթի 1,5 մլն. բարել կրճատումն ապահովելու համար օրական 500 հազար բարելով կրճատել նաև իրե՛նց նավթի արդյունահանումը, և այդ պատճառով անհնար դարձավ ընդհանուր հայտարարի գալը»,- հայտարարել է Զանգանեն:
Նախարարն ընդգծել է, որ այժմ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կրքերը հանդարտվեն, այնուհետ, հնարավոր է՝ տեսակապով, ՕՊԵԿ+ ձևաչափով մի նոր քննարկում անցկացնեն և որոշում ընդունեն:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ ՕՊԵԿ-ի արտահերթ նիստի անցկացման նախօրեին, Իրանի նավթի նախարարը հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածումը պակասեցրել է նավթի պահանջարկն աշխարհում՝ հանգեցնելով պահանջարկի ու առաջարկի անհավասարակշռության:
Նշվում էր նաև, որ ՕՊԵԿ-ին չանդամակցող՝ ամենախոշոր նավթ արդյունահանող երկիր համարվող Ռուսաստանն իր համաձայնությունը չէր տվել նավթի արդյունահանման կրճատման՝ ներքին խողովակներով փոխանցված առաջարկին: