Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով:
Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում:
«Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր արգելակվում էր:
Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով՝ տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ներքին տուրիզմի 43% աճ է գրանցվել, իսկ արտերկրից Հայաստան է ժամանել 1,9 մլն զբոսաշրջիկ:
«Սա նշանակում է, որ մենք մեր ազգային անվտանգության մակարդակն ենք բարձրացրել, որովհետև ամեն քաղաքացի, որքան ավելի մանրամասն է ճանաչում սեփական հայրենիքը, այնքան նրա ընկալումը փոխվում է այդ հայրենիքի նկատմամբ»,- նշել է վարչապետը: