Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեցլ էՀՀ զնված ուժերի հոգևոր առաջնորդության հոգևոր սպասավորների հետ, որոնք մեկտեղվել էին Մայր Աթոռում եռամսյա գործունեությունն ամփոփելու նպատակով:
Մայր Աթոռից հայտնել են, որ հանդիպմանը Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը երախտագիտությամբ անդրադարձել է Հայոց բանակի և հոգևոր առաջնորդության հանդեպ Նորին Սրբության կողմից դրսևորվող հոգատար վերաբերմունքին, ապա ներկայացրել հոգևոր սպասավորների կողմից իրականացվող աշխատանքները։ Առաջնորդության գործունեության վերաբերյալ եռամսյա զեկույցով հանդես է եկել նաև պաշտպանության բանակի ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամն է փոխանցել բանակի գնդերեցներին և Վրթանես Սրբազանին՝ բարձրորեն գնահատելով նրանց նախանձախնդիր ծառայությունը և զինվորների հետ տարվող աշխատանքը: Նորին Սրբությունը կարևոր է նկատել նման հանդիպումները, որոնք առիթ են ընծայում քննության առնելու կատարված աշխատանքը, միմյանց հետ կիսվելու հովվական փորձառությամբ, նաև միասնաբար փնտրելու առկա մարտահրավերների պատասխաններ և բարձրաձայնվող խնդիրների լուծումներ:
Հայոց Հովվապետը, ընդգծելով բանակում գնդերեցների ծառայության ներդրման կարևորությունը, հաստատել է, որ նրանց առաջնային խնդիրը և նպատակը պետք է լինեն բանակում զինվորի համար հոգևոր-բարոյական առողջ միջավայրի կերտումը, միջանձնային հարաբերություններում եղբայրասիրության ամրապնդումը և ազգային, հայրենասիրական ոգու զորացումը։ Այս առումով Վեհափառ Հայրապետը հատկապես շեշտել է զինվոր-գնդերեց հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր է հաղթահարել առկա արատավոր երևույթները և կանխել դրանց անցանկալի, երբեմն ողբերգական հետևանքները:
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նաև նկատել է, որ թեպետ բանակում ծառայող հոգևորականների առջև կան ծառացած բազում մարտահրավերներ, յուրաքանչյուր գնդերեցի համար առաջնայինն այն պատասխանատվությունն է, որ նա կրում է իր զորամասում ծառայող յուրաքանչյուր զինվորի համար։ «Ձեր նպատակն ու տեսլականը պետք է լինեն զինվորի մոտ ոգու և գիտակցության կերտումը՝ հայրենասիրական ոգու, ընկերասիրության զգացումների և աստվածսիրության»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով հոգևոր սպասավորներին մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով մոտենալ իրենց ծառայությանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առջև ծառացած մի շարք խնդիրներին, ծառայության ընթացքում ծագող դժվարություններին և այլ հարցերին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք է բարձրացրել առ Աստված` հայցելով, որ Տերն օրհնի ու զորացնի Հայոց բանակի զինվորներին և գնդերեցներին իրենց նվիրյալ ծառայության մեջ, խաղաղ պահի հայրենի մեր երկիրը և անառիկ՝ նրա սահմանները։