Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դենդրոպարկ, ծանոթացել այստեղ առկա ծառատեսակներին, ապա մայրի ծառի սերմ ցանել, որը կտնկի հոկտեմբերի 10-ին՝ 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում:
Վարչապետը մեր բոլոր հայրենակիցներին կոչ է արել հետևել իր օրինակին, ցանել սեփական ծառի սերմն ու տնկել այն:
ՀՀ վարչապետին է միացել նաև Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աիդա Աղաջանյանը, որը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նամակ է գրել ամբողջ Հայաստանում ծառեր տնկելու անհրաժեշտության մասին:
Աիդա Աղաջանյանը ցանել է հացենի ծառի սերմ: Իրենց սերմերն են ցանել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով՝ 10 մլն ծառ տնկելու գաղափարը կապված է 10 մլն աշխարհասփյուռ հայերի հետ: Նախարարը նշել է, որ մինչ այժմ մեզ միավորող տարբեր խնդիրներ են եղել, այժմ մեզ նոր կյանք տալու, միավորող նոր բան կա, և առաջարկվում է, որ ամբողջ աշխարհի հայերը մասնակցություն ունենան այս նախաձեռնությանը:
Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Ընդ որում, կարելի է որևէ հարազատի, սիրած մարդու, ծնողի, նախնիների անունով ծառ տնկել: Սրա մեջ հոգևոր, քաղաքացիական, ազգային բովանդակություն է պետք դնել: Մեր բոլոր սփյուռքահայերին հրավիրում ենք մասնակցելու նախաձեռնությանը: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, 10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը»:
Վարչապետը Դենդրոպարկի պատասխանատուների հետ քննարկել է նաև պարկի զարգացման հեռանկարները, կարևորել այստեղ զբոսաշրջիկներ ներգրավվելու ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչի գործունեությունը՝ հանձնարարել է վերջինիս շնորհել պետական պարգև: