ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ 2018 թ. ի վեր Ֆրանսիան հատուկ ուշադրությամբ է վերաբերվում հետհեղափոխական Հայաստանին՝ գնահատելով կոռուպցիայի դեմ տարվող հետևողական պայքարը: Արդյունքում, դեսպանի խոսքով, ֆրանսիական մի շարք ձեռնարկություններ հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով: «Նրանք չեն գալիս Հայաստան այլ՝ սուբյեկտիվ պատճառներով. նրանք գալիս են, որովհետև այստեղ կան իրատեսական հնարավորություններ»,- ասել է Ժոնաթան Լաքոտը:
Դեսպանը ներկայացրել է Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները և նախարարի հետ նախանշել առաջիկա անելիքները:
Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի հաջողությունը էլ ավելի մեծ չափով կկամրջի երկու երկրների տնտեսությունները: Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ սպասվող խոշոր ապրանքանիշերի մուտքը Հայաստան կփոխի նաև ֆրանսիական ներդրումային համայնքի վերաբերմունքը երկրի հանդեպ:
Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի մանրամասները, որն, ըստ դեսպանի, ֆրանսիական ամենախոշոր ընթացիկ ծրագիրն է:
«Այն նորարարական տեխնոլոգիաները և գիտելիքները, որ պետք է փոխանցվեն մեր ֆերմերներին, կարևորագույն հենակետ են գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար: Դա նաև շատ լավ հնարավորություն է՝ լուծելու փոքր տնտեսությունների խնդիրը»,- ասել է նախարարը:
Կողմերը մտքեր են փոխանակել աշխարհագրական նշումներին առնչվող հարցերի վերաբերյալ: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է ստանձնած պարտավորությունների իրականացմանը, և ընդգծել, որ կարևոր է նշումների ինստիտուտի կայացումը: «Մենք շարունակում ենք մեր քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք պետք է առավելագույն օգուտ ստեղծեն: Մենք շատ ուշադիր ենք այս ծրագրի բովանդակության նկատմամբ՝ նախօրոք ճիշտ ձևակերպելով օրակարգը»,- նշել է նախարարը:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում գործող ֆրանսիական կապիտալով ընկերություններին և նրանց առաջիկա ծրագրերին: Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վերջիններիս հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում՝ քննարկելու առաջացող խնդիրները և ընթացիկ նախագծերը: