Կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը գործում է Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, այսօր նոր որոշումներ է ընդունել վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Այդ որոշումներով Վրաստանի սահմանային անցակետերում օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված նոր կարգ է գործելու:
Oտարերկրյա քաղաքացիները, որոնք Վրաստան ժամանման պահին նախորդող 14-օրյա ընթացքում գտնվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռիսկային գոտում դասակարգված երկրներում (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան), ապա Վրաստան մուտք գործելու պահին սահմանային անցակետում պետք է անցնեն նախապես սահմանված ինտենսիվ բուժզննում և ենթարկվեն պարտադիր 14-օրյա կարանտինային ընթացակարգի, կամ պետք է սահմանին ներկայացնեն COVID-19 PCR-ի լաբորատոր թեստը, որը կվկայի, որ բուժզննումը տեղի է ունեցել ծագման երկրում, իսկ եթե այլ երկրից տարանցիկ ժամանում է, ապա պետք է ներկայացնեն տարանցիկ երկրում անցած լաբորատոր թեստը:
Վրաստանի կառավարությունը նաև որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իտալիայի հետ ուղիղ չվերթները: