Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Խորհրդակցության մեկնարկին Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել Կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին․ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը քաղաքացիները կամավոր սկզբունքով ծառեր կտնկեն իրենց այգիներում, բակերում և հարակից տարածքներում։ Միջոցառման իրականացման գործում մարզպետարանների դերը ամենակարևորներից է, ներգրավված կլինեն դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ»,- նշել է Գրիգորյանը և ավելացրել, որ ծրագիրն իրականանալու է երկու մասով։ Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ մասի շրջանակներում քաղաքացիները պետության կողմից որոշված տարածքներում կմասնակցեն անտառավերականգնման աշխատանքներին։
Անդրադառնալով օրակարգային մյուս հարցերին` ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել 2020 թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ մարզերի եկամուտների հավաքագրման արդյունքների վրա․ 2 ամսվա ընթացքում հավաքագրվել է 3 մլրդ 626 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 461 միլիոն դրամով։
Ի թիվս խորհրդակցության այլ թեմաների՝ անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ծրագրերին։ 2020-ին համայնքներից ընդհանուր առմամբ ներկայացվել է աննախադեպ թվով՝ 812 հայտ՝ մոտավորապես 45,5 միլիարդ արժողությամբ։
Խորհրդակցության ավարտին նախարարի հանձնարարությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբ 2019-ից չավարտված կամ թերի իրականացված ծրագրերի ուսումնասիրության և համապատասխան զեկույցներով հանդես գալու համար։