Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ռուստամ Բադասյանը, ողջունելով դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհակալություն է հայտնել Հայաստանում բարեփոխումներին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության համար և ընդգծել, որ սերտ համագործակցության արդյունքում կարվի առավելագույնը՝ փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության ավելի լայն շրջանակ ձևավորելու ուղղությամբ:
Նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է, և այդ համատեքստում կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը:
ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել նախարարի հետ հանդիպման համար և քննարկել ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին՝ ոստիկանության բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման, հակառուպցիոն հաստատությունների ձևավորման, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան փոխադարձ հետաքրքրության տիրույթում գտնվող՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերում։