Ազգային ժողովն այսօր 70 կողմ, 21 դեմ, 22 ձեռնպահ ձայներով ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ պատգամավորն ունի հնարավորություն՝ առանց խոչընդոտի տեսակցելու կալանավորված և ձերբակալված անձանց: Նա նախքան քվեարկությունը առաջարկում էր մերժել նախագիծը, քանի որ գործող օրենսդրությամբ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված և ձերբակալված անձանց, և լրացուցիչ կարգավորում դա չի պահանջում: Նա միաժամանակ նշեց, որ խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ սահմանափակում է լինում տեսակցելու:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ օրենքով պատգամավորներն անարգել հանդիպել են, մինչև այն պահը, երբ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը մեծացել է: Մարուքյանի խոսքով՝ արդարադատության նախարարության մեկնաբանմամբ՝ քննիչի արգելքի պարագայում տեսակցել չէր թույլատրվում: Պատգամավորը նշեց, որ նախագիծը բերվել է հստակեցման համար: