Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է «մի քանի նորություն Երևանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ»:
«Քաղաքապետի հանձնարարությամբ՝ քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների և կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը և աշխատանքի մեթոդաբանությունը:
Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց միջոցով կենդանիները ԿԱՆԶԳԱՅԱՑՎԵՆ և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման և պատվաստման:
ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն մինչև ստերջացման և պատվաստման գործողությունները:
Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվեն ՀՈԱԿ-ի կլինիկան և հարակից ենթակառուցվածքները. կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:
Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգությունը առաջնային նպատակ է, միևնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրեսնդրության սահմաններում»,- գրել է Երևանի քաղաքապետի խոսնակը: