Խորհրդարանական քառօրյան շարունակվում է: ԱԺ-ն այսօր հավանություն տվեց մի քանի նախագծի:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 116 կողմ ձայնով:
Երեկ նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները ՀՀ կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: Սրանով փորձել են մեծացնել աշակերտական խորհուրդների դերը նաև մրցույթների ժամանակ: Նախագծով փոփոխություններ կան հեռավար կրթության և տարվա լավագույններին գտնելու մրցույթներում:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց պետռեգիստրը լրատվամիջոցների համար անվճար դարձնելու նախագծերի փաթեթը: Նախագծերն ընդունվեցին միաձայն:
Փոփոխությունների շնորհիվ լրատվամիջոցները, առանց պետական տուրք վճարելու, կկարողանան տեղեկություններ ստանալ պետական միասնական գրանցամատյանից: Այս օրենքի շահառու կարող են դառնալ այն ԶԼՄ-ները, որոնք համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեն և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի շրջանակում համարվում են լրատվամիջոց կամ լրատվական գործունեություն իրականացնող:
Գործող օրենքով պետական ռեգիստրից տեղեկություն ստանալու համար գանձվում է 3000 դրամ պետական տուրք (առանց ԱԱՀ-ի): Պետական ռեգիստրի՝ e-register.am-ի միջոցով են լրատվամիջոցները այս կամ այն ընկերությունների բաժնետերերի մասին տեղեկություն ստանում:
Կառավարության ներկայացրած՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին խորհրդարանը համաձայնություն տվեց:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայներով:
Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Նազելի Բաղդասարյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ 111 կողմ ձայնով ընդունվեց:
Կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկելիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ կմնա, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ կքվեարկի, բայց մինչև երկրորդ ընթերցում առաջարկություններով հանդես կգա: Որոշումն ընդունվեց:
«Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորներին անարգել տեսակցել կալանավորված և ձերբակալված անձանց, «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց մերժել, քանի որ գործող օրենսդրությամբ որևէ արգելք չկա տեսակցելու՝ բացառությամբ քննիչի արգելքի: