Շաբաթվա սկզբից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ:
Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով: Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով:
Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:
Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ պատրաստություն, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր վտանգից իր աշխատողներին և ուղևորներին պաշտպանելու համար:
«Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պարտավոր ենք ապահովել դրա անխափան և անվտանգ աշխատանքը՝ սերտորեն համագործակցելով պետական մարմինների, Առողջապահության նախարարության հետ»,- ընդգծել է ՀԿԵ ղեկավարը: