Այսօր սպասվում են Իսրայելի՝ մեկ տարում երրորդ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Շատերը կանխատեսում են, որ ո՛չ «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուն, ոչ էլ «Կահոլ Լավանի» առաջնորդ Բենի Գանցը Քնեսեթում չեն ստանա անհրաժեշտ 61 տեղը 120-ից, ինչը կօգներ ձևավորել ոչ կոալիցիոն կառավարություն: Շրջանառվում են փակուղուց դուրս գալու տարբերակներ, որոնցից մեկը «Լիկուդի» և «Կահոլ Լավանի» միացյալ կառավարության ստեղծումն է, իսկ վարչապետի պաշտոնը պետք է պարբերաբար անցնի մի ղեկավարից մյուսին: Պարզապես կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, թե ով է առաջինը ստանձնելու վարչապետի պաշտոնը:
Մեկ այլ տարբերակով առաջարկվում է ազգային միասնության կառավարություն ստեղծել առանց Նեթանյահուի, որը մարտին երեք մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ:
Չի բացառվում նաև չորրորդ ընտրությունների անցկացումը, որն այնքան էլ ընդունելի չէ ընտրություններից հոգնած իսրայելցիների համար: