Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից գիշերը Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիում երեկ ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը: Ժամը 14:00-ին բժիշկները մանրամասներ կհայտնեն երեխայի առողջական վիճակի մասին:
Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ անրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։
Մայրը մահացել էր, իսկ 13-ամյա աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Վիրահատությունից հետո որոշում էր կայացվել երեխային տեղափոխել Երևան: Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել էր Գյումրի ու երեխային տեղափոխել։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ ժամը 14:50-ին, Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: Շիրակի մարզի դատախազության տեղեկատվությամբ՝ երեխան մարմնական վնասվածքներն ստացել էր իրենց տանը: Վնաս հասցրած անձը եղել է անչափահասի մայրիկի ընկերը: