Ազգային ժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Համազասպ Դանիելյանի ներկայացրած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Պատգամավոր Արտակ Մանուկյանը տեղեկացրել է, որ գործող կարգավորումով ավանդատուներն իրենց ավանդները բանկ մուտքագրելու օրը տոկոսավճար չեն ստանում, իսկ բանկային կամ ավանդ ներգրավող ինստիտուտները կարողանում են ԿԲ-ում այդ միջոցները տեղաբաշխելով՝ գումարներ ստանալ: «Քանի որ ավանդատուն անմասն է մնում այդ գործընթացից, փորձել ենք այս անարդարությունը վերականգնել»,- ասել է Մանուկյանը՝ ընդգծելով, որ ավանդատուներին այդ օրվա համար ևս գումար կտրամադրվի:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ նշել էր. «Որդեգրել ենք արդարության վերականգնման միտումներ: Ուզում ենք, որ այն ավանդատուները, որոնք գումարը, որպես ավանդ, ձևակերպում են բանկում, և բանկը դրա դիմաց մուտքագրման օրվա դրությամբ հավելյալ եկամուտներ է ստանում, անմասն չմնան»: