Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրինաստեղծ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Պատվիրակության այցի նպատակն էր գնահատել օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում օրենսդիր և գործադիր իշխանությունների համագործակցության ընթացքում առաջացող կարիքները և նպաստել այդ գործընթացում շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը:
Փոխնախարարը ողջույնի խոսքում կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով օրենսդրական մշակումների գործընթացի զարգացումն ու կատարելագործումը՝ դրանք առավել թափանցիկ և ներառական դարձնելով:
Քրիստիննե Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է օրինաստեղծ գործընթացի ամբողջական շղթան՝ ընդգծելով, որ գործող Խորհրդարանի կողմից զգալիորեն ավելացել են օրենսդրական նախաձեռնությունները, որի համատեքստում օրենսդիր և գործադիր սահուն համագործակցությունը խթանելու համար կարևորել է խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:
Փոխնախարարը կարևորել է նաև խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունների աշխատանքային խմբերի ձևավորման, օրենսդրական պլանավորման սկզբունքների, ինչպես նաև տարբեր կոմիտեների ու խմբակցությունների միջև աշխատանքների համակարգումը:
Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ Քրիստիննե Գիրգորյանն անդրադարձել է հանրության համար Կառավարության օրենսդրական նախագծերի հասանելիությանը հանրային քննարկման էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչպես նաև ներկայացրել տարբեր գերատեչությունների օրինաստեղծ նախաձեռնությունների տրամաբանությունը՝ նկարագրելով ոլորտային ռազմավարական պլանավորման գործընթացը, որի շրջանակում էլ նախանշվում են գերատեսչությունների օրենսդրական նախագծերի բովանդակությունները հաջորդող ժամանակահատվածում:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը շարունակական համագործակցության պատրաստակամություն են հայտնել: