Ավստրալիայի հայկական, ասորական, հունական, համայնքներին միացել է նաև կիպրոսյանը՝ պահանջելու երկրի կառավարությունից չեղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Ավստրալիայում և Նոր Զելանդիայում կիպրոսյան համայնքի նախագահ Մայքլ Քրիստոդուլուն հայտարարել է, որ Էրդողանը տեղ չունի Ավստրալիայում, քանի դեռ մերժում է ցեղասպանությունը և տարածաշրջանում կիրառում է զավթողական քաղաքականություն:
Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է կիպրոսյան համայնքի որոշումը՝ նշելով, որ համայնքը, որը մտահոգված է իր հայրենակիցների անվտանգությամբ, բոլոր իրավունքներն ունի անհանգստանալու նաև այն տեղեկությամբ, ըստ որի` Ավստրալիան պատրաստվում է ընդունել բռնապետ Էրդողանին:
«Ավստրալացիները հիշում են այն, որ մեկ տարի առաջ Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում ահաբեկչական հարձակումից հետո Էրդողանը սպառնացել էր վերադարձնել ավստրալացիներին և նորզելանդացիներին, որոնք ուղևորվում էին Գալիպոլի՝ հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- նշել է Հայկ Կայսերյանը՝ մեջբերելով Էրդողանի այն խոսքը, որ այդ մարդիկ «հետ կուղարկվեն դագաղների մեջ ինչպես իրենց պապերը»:
Ավստրալիայի հայկական, ասորական, հունական համայնքների ներկայացուցիչներն օրեր առաջ ստորագրել էին հուշագիր՝ միասնական հանդես գալով Արդարության նախաձեռնությամբ: