1lurer.am-ը հարցում է ուղարկել և Հատուկ քննչական ծառայությունից ստացել տվյալներ մինչև 2019 թվականի վերջը պետական բյուջե վերականգնված գումարների մասին: Մասնավորապես, ո՞ր ֆիզիկական և իրավաբանական անձինք ի՞նչ գործի շրջանակում որքա՞ն գումար են վերականգնել։
Առաջիկա շաբաթներին 1lurer.am-ը ներկայացնելու է նշված տվյալներն առանձին-առանձին։ Եվ այսպես, ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2019-ին քննված քրեական գործերով պետբյուջե է վերականգնվել ավելի քան 4 միլիարդ 300 միլիոն դրամ։ Ուշագրավ է, որ այդ միջոցների առյուծի բաժինը վերականգնվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի կողմից։ 4 միլիարդ 300 միլիոն դրամից միայն 2 միլիարդ 837 միլիոնը վերականգնվել է Ղազարյանի ու նրա կնոջ կողմից։
1. «ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանն ու նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, կազմակերպել են խոշոր չափերով հարկերի խուսափում՝ ներգրավելով իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող մի շարք ՍՊԸ-ների: Սակայն դեռևս նախաքննության փուլում մեղադրյալներ Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարը` 2 մլրդ 837 մլն ՀՀ դրամ, այդպիսով ամբողջությամբ փոխհատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը»,- հայտնել են ՀՔԾ-ից։
Վաչագան Ղազարյանը մեղադրվում է նաև գույքի, եկամուտների կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար։
2. Խոշոր չափերով բյուջե վերականգնում է կատարել նաև «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Ինչպես Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի, այնպես էլ Գրիգորյանի կողմից վերականգնումները կապված են չվճարած հարկերի հետ։ ՀՔԾ-ն Գրիգորյանի կողմից չվճարած հարկերը գնահատել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է 195 միլիոնը։ Գրիգորյանը անցյալ տարեվերջին ազատվեց կալանքից՝ կապված առողջական խնդիրների հետ։
3. Մոտ 110 միլիոն դրամ ՀՔԾ-ում քննված գործի ընթացքում պետական բյուջե է վերականգնել ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահ Կարինե Միրզոյանը։ 2019-ի մարտին դատարանը դադարեցրել էր Միրզոյանի նկատմամբ քրական հետապնդումը։ Նա մեղադրվում էր 2015-2018 թթ. ոստիկանության կողմից պահպանված օբյեկտներից դրա դիմաց կանխիկ վճարներ ստանալու, այն դրամարկղ չմուտքագրելու և յուրացնելու համար։ Նշված գումարն ամբողջովին վերականգնվել է։
...Շարունակելի