ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն քննադատել է Միջազգային քրեական դատարանի որոշումը, որով թույլատրվել է հետաքննել Աֆղանստանում հնարավոր պատերազմական հանցագործությունները:
«Այսօր առավոտյան ՄՔԴ Վերաքննիչ պալատը թույլատրեց հետաքննել « Թալիբանի» և ԱՄՆ-ի անձնակազմի գործունեությունն Աֆղանստանում: Սա ինքն իրեն իրավաբանական մարմին ձևացնող անպատասխանատու քաղաքական ինստիտուտի զարմանալի որոշում է»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Փոմփեոն:
Պետքարտուղարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները «ստորագրել է պատմական խաղաղության պայմանագիր Աֆղանստանում, որը խաղաղության լավագույն հնարավորությունն է», և աֆղանական կառավարությունն էլ «ՄՔԴ-ին խնդրել է՝ չգնալ այդ ճանապարհով»:
«Բայց ՄՔԴ-ն այլ նպատակներ ունի...Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները` մեր քաղաքացիներին պաշտպանելու այդ ապօրինի, դավաճանական և, այսպես կոչված, դատարանից»,- ասել է Փոմփեոն:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ՄՔԴ Վերաքննիչ պալատը միաձայն հաստատեց դատախազի հայցը՝ Աֆղանստանում կատարված հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մասին: Ընդ որում, ՄՔԴ դատախազ Ֆաթու Բենսուդան դեռևս 2016-ի նոյեմբերին էր հայտարարել, որ ըստ հաղորդումների՝ կարելի է ենթադրել, որ ԿՀՎ-ն և Աֆղանստանում ԱՄՆ Զինված ուժերը հարցաքննությունների ընթացքում կատարել են խոշտանգումներ և այլ պատերազմական հանցագործություններ:
Հիշեցնենք նաև, որ ՄՔԴ-ի ամենակատաղի միջազգային հակառակորդը ԱՄՆ-ն է, որը թեպետ Հռոմի ստատուտը վավերացրել էր 2000 թվականին, բայց 2002 թվականին հետ վերցրեց իր ստորագրությունը: