Բրիտանական դատարանն ընդունել է, որ ԱՄԷ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումն առևանգել է իր դուստրերին և սպառնում է կնոջը:
Առևանգում, հարկադիր վերադարձ, խոշտանգում և ահաբեկում. արքայադուստր Հայա բենթ ալ-Հուսեյնը այս մեղադրանքներն է ներկայացրել իր նախկին ամուսնուն՝ միլիարդատեր և Դուբայի էմիր, շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումին: Բրիտանիայի Գերագույն դատարանը մի շարք վճիռներում կնոջ մեղադրանքները ճանաչել է որպես հաստատված փաստեր:
Շեյխ Մուհամմադը խնդրել էր չհրապարակել դատարանի որոշումը, բայց դատարանը մերժել է՝ ընդունելով, որ այն որոշումը բխում է հանրային շահերից:
Այս աղմկահարույց գործով դատավարությունը տևեց ութ ամիս: Ի վերջո, դատարանը որոշում կայացրեց, որ Շեյխ Մուհամադը պատասխանատու է իր երկու դուստրերի՝ Լաթիֆայի և Շամսայի առևանգման, ինչպես նաև ԱՄԷ նրանց հարկադիր վերադարձի համար:
Արքայադուստր Շամսան, 2000 թ. փախել էր Անգլիայի հարավում գտնվող ընտանիքի կալվածքից: Սակայն նրան բռնել էին և տեղափոխել Դուբայ, որտեղ նա շարունակում է մնալ կալանքի տակ:
Շամսայի քույրը՝ արքայադուստր Լատիֆան էլ, հայրական տնից փախուստի երկու անհաջող փորձ է արել 2002 և 2018 թվականներին և այժմ դարձյալ տնային կալանքի տակ է:
Քույրերի ճակատագրի մասին հանրությանը բարձրաձայնել է շեյխ Մուհամմադի վեցերորդ կինը՝ 45-ամյա արքայադուստր Հայան, Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի քույրը: Բացահայտելով ամուսնու դաժանությունը՝ արքայադուստրը երկու երեխաների հետ փախել է Դուբայից և ապաստան խնդրել Մեծ Բրիտանիայում: Բրիտանական դատարանում նշվել է, որ շեյխը սպառնում է նախկին կնոջը: