ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործընթացում ներգրավված փոխնախարարներ և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի ԿԶՆ-ների ազգայնացման, իրականացման և դրանք ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին համապատասխանեցնելու հետ կապված հարցեր։ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել իրենց իրավասության ոլորտներում գրանցած առաջընթացի, առկա բացերի և մարտահրավերների վերաբերյալ։
Կողմերն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ արդեն իսկ իրականացված քայլերի ամփոփման և հետագա անելիքների հստակեցման տեսանկյունից։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԿԶՆ-ների իրականացման նպատակով համակարգող մարմնի ստեղծումը և տեղեկացրել, որ ՀՀ-ում ԿԶՆ խորհուրդ ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի շուրջ քննարկումները գտնվում են ավարտական փուլում։