Ազգային ժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արուսյակ Ջուլհակյանի ներկայացրած «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողին նույն նախագծով նախատեսված դեպքերում:
«Եթե վկան և տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ է ապահովել վկայի և տուժողի անվտանգությունը: Հարցաքննության կատարումը անհնար է և անհրաժեշտ է ապահովել նախաքննության անհրաժեշտությունը: Նշված դեպքերից որևէ մեկի առկայության պայմաններում վկան կամ տուժողը հրավիրվում է քննչական բաժին, ոստիկանություն»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ որոշ դեպքերում, երբ անձը գտնվում է այլ վայրում, օրինակ՝ Կապանում, իսկ վարույթ իրականացնող մարմինը՝ Երևանում, Կապանում գտնվող վկայի կամ տուժողի հարցաքննության համար, գործող օրենսդրությամբ, քննիչը պետք է անձին հրավիրի Երևան կամ, բացառիկ դեպքերում, քննիչն է մեկնում Կապան հարցաքննելու: Նախագծով առաջարկվում է հեռավար կարգով հնարավորություն ընձեռել հարցաքննելու՝ արագացնելով գործընթացն առանց այցի: Պատգամավորը նշեց, որ քննարկվել է նաև այն, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում հայրենակիցը, որը տուժող կամ վկա է, կարող է ներկայանալ հյուպատոսարան և վարույթ իրականացնող մարմնի քննիչը Հայաստանից կարող է հեռավար կարգով հարցաքննել: