Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ փաստաթղթի շուրջ, որով նախատեսվում է Սիրիայում՝ ներառյալ Իդլիբում, իրավիճակի կարգավորում: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո, RT-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Միշտ չէ, որ համաձայն ենք թուրք գործընկերների հետ՝ Սիրիայում կատարվողի հետ կապված մեր գնահատականներում, բայց ամեն անգամ, ճգնաժամային պահերին հենվելով երկկողմ հարաբերություններում ձեռք բերված բարձր մակարդակի վրա, մինչ այժմ կարողացել ենք վիճահարույց հարցերի շուրջ շփման կետեր գտնել և հանգել ընդունելի լուծումների: Այդպես պատահեց նաև այս անգամ»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
Հաղորդվում է նաև, որ կողմերը հաստատել են իրենց շահագրգռությունը՝ համատեղ աշխատանքը Աստանայի ձևաչափով շարունակելու վերաբերյալ:
«Բանակցությունների արդյունքում համաձայնեցրինք համատեղ փաստաթուղթ, որի դրույթները կհայտարարվեն արտգործնախարարների կողմից: Դրանում զետեղված են այն լուծումները, որոնք, Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Էրդողանի հետ միասին, մշակել ենք այսօր՝ ավելի քան վեց ժամ տևած խորհրդակցությունների ընթացքում: Ես հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսան Իդլիբյան ապառազմականացման գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու, քաղաքացիական բնակչության տառապանքները և հումանիտար ճգնաժամի տարածումը վերացնելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կրեմլում մեկնարկեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները: Անհատական հանդիպումը տևեց երեք ժամ, որից հետո նախագահներին միացան պատվիրակությունները: Կողմերը շարունակեցին խորհրդակցություններն ավելի քան վեց ժամ: Հանդիպման հիմնական թեման Սիրիայում տիրող իրավիճակն էր՝ ներառյալ Իդլիբը: