Ինչպես արդեն հաղորդել ենք, Կրեմլում ավարտվեցին Վլադիմիր Պուտինի բանակցությունները Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որոնք տևեցին ավելի քան վեց ժամ: Հանդիպման հիմնական թեման իրավիճակը սրումն էր սիրիական Իդլիբի ապառազմականացման գոտում:
Երկու ղեկավարները պայմանավորվել են համատեղ փաստաթղթի շուրջ, որի հիմնական դրույթները, РИА НОвости-ի փոխանցմամբ, բարձրաձայնել են երկու երկրների արտգործնախարարները: Ըստ այդմ՝
1. մարտի 6-ի կեսգիշերից սկսած ՝ առկա շփման գծի երկայնքով բոլոր ռազմական գործողությունների դադարեցում,
2. Ռուսաստանը և Թուրքիան ստեղծում են վեց կիլոմետրանոց անվտանգության միջանցք Սիրիայի Մ-4 մայրուղուց դեպի հյուսիս և հարավ,
3. Մարտի 15-ից՝ Ռուսաստանն ու Թուրքիան սկսում են համատեղ պարեկություն Մ-4 մայրուղու երկայնքով:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն էր հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կհանդիսանան Իդլիբում իրավիճակը կարգավորելու համար: Միաժամանակ Ռուսաստանի ղեկավարը նշել էր, որ Մոսկվան միշտ չէ, որ կիսում է Անկարայի գնահատականները Սիրիայում տեղի ունեցողի վերաբերյալ, բայց ճգնաժամային պահերին կողմերին միշտ հաջողվել է շփման ընդհանուր կետեր գտնել:
Երկու ղեկավարներն էլ պայմանավորվել են, որ ահաբեկչության դեմ պայքարը չպետք է թուլացնել և համաձայնել են շարունակել համագործակցությունը Սիրիայում՝ Աստանայի ձևաչափով: