Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է կառավարության այն կազմը, որն առաջարկել է երկրի նորանշանակ վարչապետ Դենիս Շմիգալը:
Կառավարությունում իրենց պաշտոնը պահպանել են ՆԳ նախարար Արսեն Ավակովը և փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը։ Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Վադիմ Պրիստայկոն նշանակվել է Եվրոպական և Եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ, Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տարանը, Առողջապահության նախարար՝ սրտաբան Իլյա Եմեցը, Երիտասարդության և սպորտի նախարար է նշանակվել Ուկրաինայի Սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վադիմ Գուտցայտը։
Նոր կառավարության կազմը հաստատվել է Ռադայի արտահերթ նիստում։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ռադան հաստատեց Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը՝ այդ պաշտոնում առաջադրելով և հաստատելով Դենիս Շմիգալին, որը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: