Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից, դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ Կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացնելու դեպքում նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի:
Հիշեցնենք, որ մարտի 2-8-ը նշված հաստատությունները փակ են եղել: ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուստարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդը 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-29-ը ներառյալ տեղափոխվել էին 2020 թ. մարտի 2-8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-29-ը ներառյալ տեղափոխվել էին մարտի 2-8-ը ներառյալ և մարտի 23-29-ը ներառյալ: