Աշխարհում հայտնի ճարտարապետական բարձրագույն՝ Պրիտցկերյան մրցանակակիր են դարձել իռլանդացի կին ճարտարապետներ Իվոն Ֆարելը և Շելլի Մաքնամարան: Մրցանակի 41-ամյա պատմության ընթացքում նրանք չորրորդ և հինգերորդ կանայք են, որ արժանանում են պարգևի: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ճարտարապետների հայտնի աշխատանքներից են Լոնդոնի Քինգսթոնի համալսարանի մասնաշենքերը, Լիմայի համալսարանական կամպուսը, Տուլուզի ֆրանսիական տնտեսական դպրոցը:
Գործընկերները խոստովանել են, որ գերադասում են օգտագործել ծանր շինանյութեր՝ քար ու բետոն:
1978 թվականին Ֆարելն ու Մաքնամարան հիմնել են Grafton Architects ստուդիան: Այժմ նրանք Շվեյցարիայի ճարտարապետների ակադեմիայի պրոֆեսոր են: 2018-ին ճարտարապետները եղել են Վենետիկի ճարտարապետական բիենալեի համադրողներ:
Պրիտցկերյան մրցանակը շնորհվում է ճարտարապետության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար: Մրցանակը Նոբելյան մրցանակի նմանօրինակն է: Ճարտարապետության ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, ինչն էլ ստիպել է Պրիտցկերների ընտանիքին 1979 թվականին մրցանակ սահմանել ճարտարապետության բնագավառում: Մրցանակային ֆոնդը 100.000 դոլար է: Մրցանակ ստանալու կարևոր նախապայման է ճարտարապետական նորարարական գաղափարների կիրառումը: