ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը, տեղեկանալով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձի և նրա ընտանիքի ծանր ֆինանսական դրության մասին, 2018 թ. նոյեմբերից մինչև 2019 թ. մարտն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ հոր միջոցով նրանց է տվել ընդհանուր 663.887.880 ՀՀ դրամ գումարին համարժեք 1.365.000 ԱՄՆ դոլար գումար` 2019 թ. աշնանը՝ խաղողի բերքահավաքից հետո գումարը վերադարձնելու պայմանով:
Այնուհետև, չսպասելով իր սահմանած ժամկետի ավարտին, 2019 թ. հուլիսին նրանցից
անսպասելի պահանջել է վերադարձնել իր տված գումարը: Վերջիններս, տվյալ պահին լինելով անվճարունակ, խնդրել են պայմանավորվածության համաձայն գումարը վերադարձնել ամիսներ անց՝ բերքահավաքից հետո:
Անտեսելով խնդրանքը՝ 2019 թ. հուլիս-օգոստոսին նա նշված ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով սկսել է փաստացի տիրապետել նրանց պատկանող, Արմավիրի մարզի վարչական տարածքում գտնվող 50 հա խաղողի այգին, 20 հա վարելահողը և 4 հա արտադրական տարածքները` վերջիններիս զրկելով իրենց սեփականությունն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքից:
Առերևույթ հանցագործություն կատարելու համար հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչությունը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն
չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: