Այսօր Մոսկվայում կմեկնարկեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները:
Anadolu-ի փոխանցմամբ՝ մոսկովյան այցին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, թե մտադիր է վերջնական պայմանավորվածության հասնել Մոսկվայում և վերջ տալ ռազմական էսկալացիային սիրիական Իդլիբում: Էրդողանը նաև խոստովանել է, որ իսկապես էլ օգնություն է խնդրել ԱՄՆ-ից զենք-զինամթերքի հարցում:
Ռուսական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին են գրել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Էրդողանի այցին ընդառաջ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը և ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր:
«Ներքին օրակարգի ակտուալ հարցերին զուգընթաց, քննարկվել է նաև Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը»,- հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նաև հաստատել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում: